Դատախազությունը բացահայտել է ֆրանսիական ընկերության գումարների խարդախությամբ յուրացման փաստ
Դատախազությունը բացահայտել է ֆրանսիական ընկերության գումարների խարդախությամբ յուրացման փաստ

Վրաստանի գլխավոր դատախազության տվյալներով, գերատեսչությունը բացահայտել է անդրազգային հանցագործություն:

Դատախազության տվյալներով, գործը վերաբերում է Ֆրանսիայում գրանցված ընկերության խոշոր չափի գումարի խարդախությամբ յուրացնելու փաստին, որի արդյունքում երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

«Հանցավոր խմբի անդամները, ամերիկյան ավիաընկերության ներկայացուցչի անունից, կեղծ հաղորդագրություն և կեղծ հաշիվ են ուղարկել ֆրանսիական ընկերությանը և որոշակի ծառայության փոխարեն, խաբեությամբ ստիպել են 450 000 ԱՄՆ դոլար փոխանցել Վրաստանում գրանցված Գ.Ջ.-ի հիմնադրած ձեռնարկության հաշվին:

Խարդախությամբ յուրացված գումարի մի մասը, 30 000 ԱՄՆ դոլարը, Ն.Խ.-ն և Գ.Ջ.-ն վերցրել են ձեռնարկության բանկային հաշվից, որը բաշխվել է խմբի անդամների միջև:

Հատկանշական է, որ հանցավոր ճանապարհով ստացված գումարի մի մասը ՝ 420 000 ԱՄՆ դոլարը, որն բռնագրավվել է հետաքննության ընթացքում, գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց հետո կվերադարձվի տուժած ընկերությանը:

Ն.Խ-ին և Գ.Ջ.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի և 3-րդ մասի «բ» ենթակետի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով: Մեղադրյալների հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է բանտարկությունը», – հայտնել են դատախազությունից:

Նրանց խոսքով, Վրաստանի դատախազությունը շարունակում է հետաքննությունը և միջազգային համագործակցությունը հանցավոր խմբի անդամների, ինչպես նաև նույն գործունեությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայտնաբերելու ուղղությամբ: