Ցանկանում եմ, որ Վրաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները օրինակ ծառայեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններին. Իլհամ Ալիև
Ցանկանում եմ, որ Վրաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները օրինակ ծառայեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններին. Իլհամ Ալիև

Ցանկանում եմ, որ Վրաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները օրինակ ծառայեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններին,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ամերիկյան «Ֆոքս նյուս» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հարցազրույցի ամբողջական տեքստը հրապարակում է ադրբեջանական «տրենդ» գործակալությունը:

«Հիմա դժվար է կանխատեսել, թե երբ ինչ կլինի: Դա կախված չէ միայն մեզանից, քանի որ պատերազմը չի վարում մեկ երկիր: Սա միակողմանի գործընթաց չէ, չնայած ես կարող եմ ձեզ ասել, թե ինչպիսի տարածաշրջան եմ ցանկանում տեսնել: Ես ցանկանում եմ Հարավային Կովկասի տարածաշրջանի խորը ինտեգրում: Ցանկանում եմ տեսնել, որ մի օր, հետագայում, մեր ռազմավարական հարաբերությունները Հարավային Կովկասի մեկ այլ երկրի ՝ Վրաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները օրինակ ծառայեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններին, քանի որ բոլոր պատերազմներն ավարտվում են և խաղաղություն հաստատվում: Մենք դա գիտենք»,- հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով, ինքը հավատում է, որ գոյություն ունի հակամարտության կարգավորման դիվանագիտական ​​ճանապարհ:

«Ես միանգամայն համոզված եմ, բայց դա կախված է հայկական կողմի կամքից: Ինչ է տեղի ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Գերմանիան և ԱՄՆ-ը իրար էին սպանում: Խորհրդային Միությունն ու Գերմանիան սպանում էին միմյանց: Սպանվել են տասնյակ միլիոնավոր մարդիկ: Եվ հիմա, տեսեք, ոչ ոք դա չի հիշում: Դա թշնամանք չի առաջացնում: Ինչու հայերն ու ադրբեջանցիները չեն կարող խաղաղ ապրել Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչպես ապրում են Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և շատ այլ երկրներում»,- նշել է Իլհամ Ալիևը: