«Բարսելոնան» վերջապես հաղթեց «Անոետայում». «Քամբեք»՝ 0:2-ից հետո. Մեսին գրանցեց նոր ռեկորդ
«Բարսելոնան» վերջապես հաղթեց «Անոետայում». «Քամբեք»՝ 0:2-ից հետո. Մեսին գրանցեց նոր ռեկորդ

Իսպանական Պրիմերայի 19-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ: Բասկերը չկարողացան պահպանել 2 գոլի առավելությունը, որը ստացել էին առաջին խաղակեսում:

Հատկանշական է, որ վերջին 10 մրցաշրջաններում «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության խաղում «Ռեալ Սոսյեդադին» չէր հաղթել Սան Սեբաստիանի «Անոետա» մարզադաշտում:

Հանդիպման սկզբնամասում կատալոնական ակումբն ավելի շատ էր գրոհում, բայց հաշիվը 11-րդ րոպեին բացեցին դաշտի տերերը: Մինչ «Բարսելոնան» փնտրում էր մրցակցի դարպասի բանալին, «Ռեալ Սոսյեդադը» 34-րդ րոպեին խփեց նաև  երկրորդ գոլը: Հյուրերը հաշիվը կրճատեցին քիչ անց: Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի փոխանցումից հետո բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոյին մնում էր միայն հարմար դիրքից գրավել դարպասը՝ 1:2:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը դարձավ 2:2: 50-րդ րոպեին արտակարգ հարվածով աչքի ընկավ Լուիս Սուարեսը: Ընդմիջումից հետո «Բարսելոնան» ուներ նկատելի առավելություն, որը գոլի վերածեց 71-րդ րոպեին: Լուիս Սուարեսը դարձավ դուբլի հեղինակ, իսկ խաղի վերջակետը 85-րդ րոպեին տուգանային հարվածով դրեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 4:2:

«Բարսելոնան» 51 միավորով առաջատարն է և 9 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»: Լավագույն եռյակը եզրափակող «Վալենսիան» ունի 40 միավոր:

Հատկանշական է, որ չորրորդ տեղում գտնվող և այս տուրում պարտություն կրած Մադրիդի «Ռեալը» «Բարսելոնային» արդեն զիջում է 19 միավոր, թեև մեկ խաղ պակաս է անցկացրել: Վտանգավոր գոտու 18-րդ տեղում գտնվող «Դեպորտիվոյից» «Ռեալն» առաջ է 16 միավոր:

Մեսսիի համար այս գոլը դարձել է 366-րդն Իսպանիայի առաջնությունում: 30-ամյա արգենտինացին, այս կերպ, գերազանցել է «Բավարիայի» լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերի ռեկորդը` եվրոպական «մեծ հնգյակի» առանձին առաջնությունում խփած գոլերի քանակով:

Մյուլերը մյունխենյան ակումբի կազմում Գերմանիայի առաջնության շրջանակում 365 գոլի հեղինակ է դարձել (427 խաղ): Մեսսին անցկացնում էր իր 401-րդ խաղը: