Բալիում արթնացել է Ագունգ հրաբուխը
Բալիում արթնացել է Ագունգ հրաբուխը

Բալիում այս տարվա օգոստոսին Ագունգ հրաբխի արթնացում է արձանագրվել. մոտ 120 հազար մարդ լքել են իրենց տները՝ վախենալով նախկինում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կրկնությունից: Նշենք, որ 1000-ամյա իր գոյության ընթացքում 3142 մետրանոց հրաբուխը ժայթքել է 4 անգամ և  ամեն անգամ դրանք աղետալի հետևանքներ են ունեցել:

Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1963-1964 թվականներին, երբ մահացել էր ավելի քան 1100 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել էին առանց տանիքի: Այդ տարերային աղետը ճանաչվել էր ամենաավերիչը Ինդոնեզիայի պատմության մեջ, հաղորդում է Nat-geo-ն:

2017 թվականի հոկտեմբերին հրաբխի ակտիվությունն սկսել է նվազել, և երկրի իշխանությունները նվազեցրել են վտանգի աստիճանը: Սակայն նոյեմբերի 21-ին Ագունգից ծխի 700-մետրանոց սյուն է բարձրացել: Մոտակա 5 բնակավայրերի փողոցներն ու տները ծածկվել են հրաբժային մոխրով:

Հիշեցնենք, որ 1963 թվականին հրաբուխը 10 կմ բարձրությամբ մոխրի սյուն էր արձակել: Այժմ Volcanology and Geological Hazard Mitigation կառավարական կենտրոնի հրաբխագետները հրաբխի ակտիվությունը 3 են գնահատել՝ հնարավոր 4-ից:

Գիտնականները չգիտեն՝ հրաբուխը կժայթքի՞, թե՞ նորից «կքնի»: Մարդկանց խորհուրդ է տրվում հեռու մնալ վտանգավոր շրջաններից:

 

Տեսանյութի աղբյուր՝ CNN