Ախալցխայում ՊԱԾ-ի նախկին բարձրպաշտոնյային մեղադրում են ազգային խտրականության մեջ
Ախալցխայում ՊԱԾ-ի նախկին բարձրպաշտոնյային մեղադրում են ազգային խտրականության մեջ

Ախալցխայում, Կլդիաշվիլու փողոցում բնակվող քաղաքացիները հակահետախուզական դեպարտամենտի հարավային շրջանային վարչության ղեկավարի նախկին տեղակալ Գոչա Գելաշվիլուն մեղադրում են վիրավորանք հասցնելու մեջ:

Տեղի բնակիչները Առաջին ալիքի հետ զրույցում պատմում են, որ ալկոհոլի ազդեցության ներքո գտնվող Գոչա Գելաշվիլին նրանց, որպես էթնիկ հայերի, խոսքերով վիրավորել է: Հարևանների տեղեկությամբ, Գելաշվիլին եղել է զինված: Նրանց խոսքով, սա Գելաշվիլու կողմից իրենց վիրավորելու առաջին դեպքը չէ: Նրանք պահանջում են ներողություն խնդրել:

Ախալցխայի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, ով ևս Գոչա Գելաշվիլու հարևանն է, ասում է, որ փաստի մասին տեղեկացել է հարևաններից: Ռուբեն Կարապետյանի խոսքով, հարևանները ոստիկանությունում Գելաշվիլու դեմ բողոք չեն ներկայացրել, սակայն նա ասում է, որ իրավապահները տեղյակ են փաստի մասին:

Անձամբ Գոչա Գելաշվիլին հերքում է մեղադրանքը:

Առաջին ալիքը կապ է հաստատել նաև ներքին գործերի նախարարության հետ: ՆԳՆ-ի մեկնաբանմամբ, սկսված է նախաքննություն և քրեական հանցանք հայտնաբերելու դեպքում կլինի համապատասխան արձագանք: