Ավստրիայից Վրաստան է վերադարձել 175 քաղաքացի
Ավստրիայից Վրաստան է վերադարձել 175 քաղաքացի

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող համակարգող խորհրդի կողմից մինչև ընթացիկ տարվա ապրիլի 10-ը ներառյալ նախատեսված միջազգային չվերթների շրջանակներում այսօր, մարտի 26-ին, «Georgian airways» ավիաընկերությունն իրականացրել է չվերթ Թբիլիսի-Վիեննա-Թբիլիսի ուղղությամբ: Ինքնաթիռում եղել է 175 ուղևոր, նրանցից 21-ը (Ավստրիայից, Գերմանիայից, Սլովակիայից) առանձնահատուկ կարիքներ ունեցող քաղաքացիներ են:

«Համակարգող խորհրդի հետ սահմանված չվերթների շրջանակներում առաջիկայում, մասնավորապես մարտի 31-ին, կկատարվի Թբիլիսի-Ամստերդամ-Թբիլիսի չվերթը:

Այնուհետև կկայանան Թբիլիսի-Վարշավա-Թբիլիսի (ապրիլի 3), Թբիլիսի-Աթենք-Թբիլիսի (ապրիլի 7), Թբիլիսի-Լարնակա-Թբիլիսի (ապրիլի 10) ուղղությամբ չվերթները»,- հայտարարում են արտաքին գերատեսչությունում:

Նրանց փոխանցմամբ, նշված չվերթների տոմսերը կվաճառվեն հերթականությամբ, չվերթի իրականացման ամսաթվից երկու օր առաջ:

«Վրաստանի վարչապետին կից գործող համակարգող խորհրդի որոշմամբ և վարչապետի հրահանգով, խորհրդի կողմից սահմանված չվերթների ուղևորության գինը չպետք է գերազանցի 199 եվրոն»,- հայտարարում են արտաքին գերատեսչությունում:

Վրաստան վերադարձած բոլոր ուղևորները կանցնեն 14-օրյա պարտադիր կարանտին: