Ավստրալիան նույնպես հայտարարել է ռուս դիվանագետների արտաքսելու մասին
Ավստրալիան նույնպես հայտարարել է ռուս դիվանագետների արտաքսելու մասին

Ավստրալիան միացել է երկրների թվին, որոնք հայտարարել են Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանն ի պատասխան ռուս դիվանագետներին արտաքսելու մասին:

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հայտարարել է, որ երկիրը կարտաքսի երկու ռուս դիվանագետի՝ ի նշան Մեծ Բրիտանիայի և մյուս երկրների հետ համերաշխության:

«Երկու ռուս դիվանագետ, որոնք նույնացվել են որպես լրտեսներ, կարտաքսվեն ավստրալական կառավարության կողմից՝ նրանց կարգավիճակին չհամապատասխանող գործողությունների համար»,- ասել է Թերնբուլը:

Ավստրալիայի վարչապետի խոսքով՝ «Սոլսբերիում այդ հանդուգն հարձակումը հարձակում էր մեզ բոլորիս վրա»:

Ավելի վաղ ԱՄՆ-ն և ԵՄ մի շարք երկրներ հայտարարել են ի համերաշխություն Մեծ Բրիտանիայի համակարգված պատասխան քայլերի մասին. ավելի քան 23 երկիր հայտարարել է ընդհանուր ավելի քան 136 ռուս դիվանագետի արտաքսման մասին:

Մասնավորապես՝ ԱՄՆ-ն հայտարարել է ՌԴ դիվանագիտական առաքելությունների 48 աշխատակիցների և ՄԱԿ-ում առաքելության ևս 12 աշխատակցի արտաքսելու մասին:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:

Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: