Արմեն Սարգսյան. Ես վրացի գործընկերոջս ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հայկական կողմի մոտեցումները և շեշտեցի, որ անհնար է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատել առանց Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման
Արմեն Սարգսյան. Ես վրացի գործընկերոջս ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հայկական կողմի մոտեցումները և շեշտեցի, որ անհնար է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատել առանց Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման

Վրացի գործընկերոջս ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հայկական կողմի մոտեցումները և շեշտեցի, որ տարածաշրջանում անհնար է տևական խաղաղություն հաստատել առանց Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման, – ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ ճեպազրույցում:

«Նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք անդրադարձանք տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի դեմ Թուրքիայի ակտիվ և ակնհայտ աջակցությունը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում նոր իրողությունը հաշվի առնելով: Ես վրացի գործընկերոջս ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմի մոտեցումները և հատուկ շեշտեցի, որ անհնար է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել առանց Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման, ներառյալ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ես շեշտեցի պատերազմից բխող հսկայական հումանիտար խնդիրները լուծելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գերեվարված ու պատանդ պահվածներին անհապաղ ազատ արձակելու հարցը:

Ես կենտրոնացա նաև Ադրբեջանի կողմից հետպատերազմյան իրավիճակի չարաշահման վրա: Այլատյացություն, ազգային արժանապատվության վիրավորում: Հանդիպման ընթացքում ես անդրադարձել եմ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների խնդրին, այս տարածքներում հայկական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության խնդրին», – ասաց Արմեն Սարգսյանը:

Միևնույն ժամանակ, Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի Նախագահին `հայկական պատվիրակության բարձր մակարդակի ընդունելության համար և հույս հայտնել, որ Սալոմե Զուրաբիշվիլին առաջիկայում կայցելի Հայաստան:

«Իմ վերջին հանդիպումը Սալոմե Զուրաբիշվիլիի հետ տեղի է ունեցել 2019 թվականին: Ինչպես տեսնում եք, 2021 թվականը սկսվել է բավականին ակտիվ, և կարծում եմ, որ այս ակտիվությունը կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում: Վրաստանի նախագահը և ես կանենք հնարավորը, մենք կուժեղացնենք մեր ջանքերը՝ բոլոր ուղղություններով մեր երկրների միջև հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Շնորհակալ եմ Վրաստանի նախագահին՝ հայկական պատվիրակության բարձր մակարդակով ընդունելության համար: Ես, որպես Հայաստանի նախագահ, վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական ընդլայնմանը: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս Հայաստանում կտեսնեմ Վրաստանի նախագահին», – ասաց Արմեն Սարգսյանը:

Թբիլիսիում պաշտոնական այցով գնտվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
ՀՀ պատվիրակության կազմում են՝ ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, արտաքին գործերի փոխնախարար Գագիկ Ղալաչյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Հայաստանի ազգային շահերի ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը:

Թողնել մեկնաբանություն