Արմեն Սարգսյան. Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր երկրի և տարածաշրջանի անվտանգության և զարգացման կարևոր նախապայմաններից է
Արմեն Սարգսյան. Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր երկրի և տարածաշրջանի անվտանգության և զարգացման կարևոր նախապայմաններից է

Վստահաբար կարող եմ ասել, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը մեր երկրի և տարածաշրջանի անվտանգության և զարգացման կարևոր նախապայմաններից մեկն է, – ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սալոմե Զուրաբիշվիլիի հետ ճեպազրույցում:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ջերմ ընդունելության համար:

«Հայ-վրացական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն: Մենք կարևորում ենք մեր հարևան Վրաստանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը: Վրաց և հայ ժողովուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի: Հայերը Վրաստանի մշակութային, տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանքի ակտիվ մասն էին կազմում: Այսօր էլ հայկական բիզնեսը մեծ ներդրում ունի Վրաստանում և վրացի գործարարները նույնպես աշխատում են Հայաստանում: Վստահաբար կարող եմ ասել, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը մեր երկրի և տարածաշրջանի անվտանգության և զարգացման կարևոր նախապայմաններից մեկն է», – ասաց ՀՀ նախագահը:

Ըստ նրա, այսօր վրաց գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկվել է օրակարգի լայն շրջանակ:

«Մենք հաջողությամբ համագործակցում ենք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և շատ այլ ոլորտներում: Համագործակցության մեծ ներուժ կա նաև ժամանակակից տեխնոլոգիաների, արհեստական ​​բանականության, բարձր տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիայի զարգացման, կիբերանվտանգության, սննդի անվտանգության ոլորտներում: Այս համագործակցությունը երկկողմ է և բազմակողմ: Ցանկանում եմ կրկնել նախագահի ասածը, և կարծում եմ, որ երկու նախագահների ինստիտուտների համագործակցությամբ մենք կարող ենք խորացնել ժամանակակից բիզնես-հարաբերությունները երկու երկրների միջև: Հավատում եմ, որ մենք կաշխատենք ձեզ հետ՝ գործարար հարաբերություններ զարգացնելու և մեր ներդրումն ունենալու համար: Ես կցանկանայի հատկապես ընդգծել կորոնավիրուսի դեմ պայքարում մեր երկրների համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք համագործակցությունը խթանելու համար: Աշխատանքներ են տարվում ինչպես հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի, այնպես էլ՝ միջգերատեսչական մակարդակով երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ինչպես նշեցինք, համաձայն ենք, որ նախագահի ինստիտուտները կարող են առանձնահատուկ դեր ունենալ այս գործում», – ասաց Արմեն Սարգսյանը: