Ապրիլից կրթական համակարգի սոցիալական աշխատողները կաշխատեն դպրոցականների հետ
Ապրիլից կրթական համակարգի սոցիալական աշխատողները կաշխատեն դպրոցականների հետ

Վրաստանի կրթական համակարգում առաջին անգամ հայտնվեցին սոցիալական աշխատողներ, որոնք կօգնեն աշակերտներին հաղթահարել տարբեր սոցիալական խոչընդոտները՝ ապահովելով դպրոցներում առողջ, դրական կրթական միջավայր և աջակցելով ծնողների ներգրավմանը դպրոցական կյանքին, – հայտնում է ԿԳ նախարարությունը:

Ըստ նրանց, մրցույթի առաջին փուլում մանդատուրի ծառայության կողմից ընտրված 28 որակավորված աշխատողներ կբաշխվեն Վրաստանի հոգեբանական-սոցիալական ծառայության կենտրոններում, մասնավորապես Թբիլիսիում, Կախեթիում, Քվեմո Քարթլիում, Աջարիա-Գուրիայում, Իմերեթիում և Ռաճա-Լեչխումի գրասենյակնեում՝ ապրիլից:

Ըստ նախարարության, լրացուցիչ 22 դիմորդ կընտրվի մրցույթի արդյունքում, և, Վրաստանի բոլոր շրջանների կենտրոնները կունենան սոցիալական աշխատող, որը համապատասխան սոցիալական ծառայություններ կմատուցի աշակերտներին և նրանց ծնողներին:

Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Էկատերինե Դգեբուաձեն, մանդատուրի ծառայության պետի տեղակալ Նինո Շատբերաշվիլիի հետ, հանդիպում են անցկացրել կրթական համակարգում աշխատող սոցիալական աշխատողների հետ և նրանց հետ խոսել սոցիալական խնամքի բաղադրիչի ամրապնդման կարևորության մասին:

Ինչպես նշել է Էկատերինե Դգեբուաձեն, սոցիալական աշխատողների ինտեգրումը հանրակրթական համակարգում կնվազեցնի և կվերացնի կրթական գործընթացում երեխաների արդյունավետ ներգրավումը խոչընդոտող գործոնները:

Բացի այդ, նրանք ակտիվորեն ներգրավված կլինեն դեռահասների ծնողների, խնամակալների կամ օրինական ներկայացուցիչների հետ հաղորդակցման գործընթացին: Մասնավորապես, սոցիալական աշխատողները իրազեկվածության բարձրացման նպատակով կրթական հանդիպումներ կանցկացնեն դպրոցներում և ընտանիքներում՝ երեխաների, նրանց ծնողների, օրինական ներկայացուցիչների, ուսուցիչների և դպրոցների ղեկավար անձնակազմի հետ: