Անջատողական կուսակցությունները Կատալոնիայի խորհրդարան են վերադառնում մեծամասնության կարգավիճակով
Անջատողական կուսակցությունները Կատալոնիայի խորհրդարան են վերադառնում մեծամասնության կարգավիճակով

Կատալոնիայի՝ Իսպանիայի կազմից դուրս գալու ու անկախություն ստանալու աջակիցները դեկտեմբերի 21-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում բացարձակ մեծամասնություն են ստացել խորհրդարանում:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, 135 տեղանոց շրջանային խորհրդարանում անջատողական կուսակցությունները ստացել են ընդհանուր 70 մանդատ:

Մասնավորապես՝ «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունը ստացել է 36, մինչդեռ ինքնավար շրջանի վտարանդի ղեկավար Կառլես Պուչդեմոնի «Միասին՝ հանուն Կատալոնիայի» կուսակցությունը՝ 34 մանդատ:

Եվս 32 մանդատ է ստացել «Կատալոնիայի ձախակողմյան հանրապետականներ» կուսակցությունը, որի առաջնորդն այժմ գտնվում է Մադրիդի բանտերից մեկում ու սպասում է դատավարության մեկնարկին:

Ծայրահեղ ձախակողմյան «Ազգային միասնության թեկնածություն» կուսակցությունը ստացել է 4 մանդատ:

Նշվում է, որ Պուչդեմոնը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կատալոնացի ժողովրդի հաղթանակն են Իսպանիայի միապետության նկատմամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում կայացել է անկախության հարցով հանրաքվե, որի արդյունքներով կատալոնացիների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Իսպանիայի կազմից դուրս գալուն:

Հայտնի է, որ Իսպանիան չի ընդունել հանրաքվեի արդյունքները, մեղադրանքներ է առաջադրել Պուչդեմոնին, ինչից հետո քաղաքական գործիչը փախել է Բելգիա և այնտեղից իրականացրել խորհրդարանական քարոզարշավը: