ԱՄՆ զինված ուժերը ծառայության կվերցնի տրանսգենդեր նորակոչիկներին
ԱՄՆ զինված ուժերը ծառայության կվերցնի տրանսգենդեր նորակոչիկներին

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հունվարի 1-ից կսկսի տրանսգենդեր նորակոչիկների հավաքագրումը՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի արգելքին, հայտնում է Associated Press-ը։

Երեք դաշնային դատարաններ վերջնական որոշում են կայացրել մերժելու ամերիկյան իշխանությունների արգելքը՝ կապված զինված ուժերում տրանսգենդերների ծառայության հետ։

Պոտենցիալ զինակոչիկները պետք է տևական և խիստ ֆիզիկական, բժշկական և հոգեբանական ստուգումներ անցնեն։

Պենտագոնի ներկայացուցիչ, մայոր Դևիդ Իսթբուրնի խոսքով՝ գերատեսչությունը կարող է մերժել պոտենցիալ նորակոչիկներին գենդերային դիսֆորիայի պատճառով՝ վիճակ, երբ մարդը չի կարողանում լիովին ընդունել տղամարդու կամ կնոջ իր սեռային կարգավիճակը։

Նորակոչիկները ծառայության կթողնվեն, եթե բժիշկները հաստատեն, որ նրանք կլինիկորեն կայուն են իրենց նոր սեռային կարգավիճակում և հակված չեն սթրեսի։