ԱՄՆ-Վրաստան ազատ առևտրի համաձայնագիրը կլինի քաղաքական և տնտեսական հետաքրքրությունների խառնուրդ, տարածաշրջանում ԱՄՆ-ի տնտեսական հետաքրքրությունների մեծացման վառ ուղերձ. Նաթիա Թուրնավա
ԱՄՆ-Վրաստան ազատ առևտրի համաձայնագիրը կլինի քաղաքական և տնտեսական հետաքրքրությունների խառնուրդ, տարածաշրջանում ԱՄՆ-ի տնտեսական հետաքրքրությունների մեծացման վառ ուղերձ. Նաթիա Թուրնավա

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի առևտրի փոխնախարար Ջոզեֆ Սեմսարի հետ:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման  ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և ռազմավարական գործընկերության ապագա ծրագրերը:

«Առցանց հանդիպման ընթացքում նշվել է, որ ԱՄՆ-ը Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, և տարիների ընթացքում Վրաստանին ցուցաբերած օգնությունն ու իրականացրած նախագծերը տարբեր ուղղությամբ, զգալի ներդրում են ունեցել Վրաստանի ժողովրդավարական զարգացման և ազատ շուկայական տնտեսության ձևավորման ճանապարհին»,- ասվում է էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ:

Ըստ նրանց, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին ցուցաբերած օժանդակության համար և նշել, որ գլոբալ համավարակի ժամանակ ԱՄՆ-ը շարունակում է մնալ երկրի հիմնական ներդրողներից մեկը. 2020 թվականի երկու եռամսյակի դրությամբ, խոշորագույն ուղիղ ներդրող երկրների միջև ԱՄՆ-ը զբաղեցնում է երրորդ տեղը: Նշվել է, որ ԱՄՆ-ը Վրաստանի համար հիմնական առևտրային գործընկերներից է և վերջին տարիներին ընդգրկվել է լավագույն տասնյակում `ապրանքաշրջանառության, արտահանման և ներմուծման տեսակետից:

«ԱՄՆ-ի առևտրի քարտուղարի տեղակալ Ջոզեֆ Սեմսարի հետ զրույցում հստակ նշել ենք, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակում են, լինի դա քաղաքական, տնտեսական կամ այլ ուղղությամբ: Ամերիկյան կողմի հետ մենք ունենք բարձր մակարդակի պարբերական երկխոսություն տնտեսական և առևտրային տարբեր հարցերի շուրջ: Այս առումով հատկանշական է առևտրի և ներդրումների հարցով բարձր մակարդակի երկխոսության և Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայով ստեղծված տնտեսական աշխատանքային խմբի աշխատանքը, որի շրջանակներում մենք մեր ամերիկացի գործընկերների հետ մանրամասն քննարկում ենք ապագա բարեփոխումների կամ հետագա համագործակցության ծրագրերի հարցերը»,- ասել է Նաթիա Թուրնավան հանդիպումից հետո:

Նախարարի հայտարարությամբ, հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման կարևորությունը: Նշվել է, որ վրացական կողմի նախաձեռնությամբ իրականացվել է հետազոտություն, համաձայն որի  Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը շահավետ կլինի երկու երկրների համար:

Նրա խոսքով, ԱՄՆ-Վրաստան ազատ առևտրի համաձայնագիրը կլինի քաղաքական և տնտեսական շահերի խառնուրդ, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի տնտեսական հետաքրքրությունների աճի հստակ ազդանշան, որը կնպաստի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման ձգտումներին և տնտեսական զարգացմանը:

Ըստ էկոնոմիկայի նախարարության, զրույցի հիմնական թեմաներից մեկը Վրաստանի կառավարության կողմից ձեռնարկված արդյունավետ քայլերն էին`ընդդեմ «կովիդ 19»-ի համաշխարհային համավարակի:

«Ամերիկյան կողմը բարձր է գնահատել համավարակի դեմ Վրաստանի կողմից ժամանակին ձեռնարկված միջոցառումները և դրանք անվանել արդյունավետ»,- ասված է էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ:

Առցանց հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն և ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն: