ԱՄՆ-ում պատրաստվում են 46-րդ նախագահի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում պատրաստվում են 46-րդ նախագահի երդմնակալության արարողությանը

ԱՄՆ-ում պատրաստվում են 46-րդ նախագահի երդմնակալության արարողությանը: Ջո Բայդենը և Կամալա Հարիսը երդումը տալուց հետո պաշտոնապես կսկսեն պաշտոնավարել: Արարողությունը կանցկացվի Վաշինգտոնում, անվտանգության խստացված միջոցների պայմաններում: Հունվարի 6-ին, Կապիտոլիումի վրա հարձակումից հետո,  մայրաքաղաքում տեղակայվել են ոստիկանության լրացուցիչ ուժեր և ազգային գվարդիայի ստորաբաժանումներ:

Երդմնակալության օրը Վաշինգտոնի փողոցները կհսկեն ազգային անվտանգության գվարդիայի մինչև 25 000 զինվորականներ: Հիշեցնենք, որ 2017 թվականին, Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը, Վաշինգտոնում անվտանգությունը պահպանում էին ազգային գվարդիայի ութ հազար ներկայացուցիչներ:

Քաղաքի փողոցների մի մասը արգելափակված է: Փակ են նաև մետրոյի տասից ավելի կայարաններ:

Կորոնավիրուսի պատճառով երդմնակալությանը ներկա գտնվողների թիվը սահմանափակ է: Դեռ մինչ Կապիտոլիումի վրա իրականացրած հարձակմանը, Բայդենի երդմնակալության հանձնաժողովը կոչ էր արել կողմնակիցներին մնալ տանը: Փակ կլինի նաև Վաշինգտոնի ազգային այգին, որտեղ բարձրացվել է 200 000 դրոշ:

Ջո Բայդենի երդմնակալության համար նախատեսված միջոցառումների մեծ մասը տեղի է ունենալու վիրտուալ կերպով:

ԱՄՆ -ի 46-րդ նախագահ Ջո Բայդենը երդում կտա Կապիտոլիումի առջև: Ավելի ուշ նա կայցելի Արլինգտոնի գերեզմանատում, որտեղ նա ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին: Ակնկալվում է, որ Արլինգտոնի գերեզմանատանը Ջո Բայդենի հետ միասին կլինեն, ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշը և Բիլ Քլինթոնը: Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը Արլինգտոնի գերեզմանատնից կմեկնի Սպիտակ տուն:

Բայդենի նախորդը, նախագահ Դոնալդ Թրամփը, չի մասնակցի երդմնակալության արարողությանը, նա Սպիտակ տունը կլքի հունվարի 20-ին, առավոտյան: Ինչպես հայտնի է, նույն օրը Դոնալդ Թրամփը մտադիր է հրաժեշտի միջոցառում անցկացնել Մերիլենդ նահանգի ռազմաբազայում:

Գործող փոխնախագահ Մայք Փենսը նախատեսում է մասնակցել ԱՄՆ-ի 46-րդ նախագահի երդմնակալության արարողությանը:

Պաշտոնական արարողության ընթացքում, ազգային օրհներգը կկատարի Լեդի Գագան: Ինչ վերաբերում է երդմնակալության օրվա համերգին, ինչպես հայտնի է, ներկայացումը կղեկավարի դերասան Թոմ Հենքսը: Մասնակիցների թվում են Ջենիֆեր Լոպեսը, Դեմի Լովատոն, Ջոն Լեջենդը և Ջասթին Թիմբերլեյքը: 90 րոպեանոց համերգը կհեռարձակվի հեռուստատեսությամբ և «YouTube» ինտերնետային պորտալով: