ԱՄՆ-ում հնգօրյա սուգ է հայտարարվել
ԱՄՆ-ում հնգօրյա սուգ է հայտարարվել

Ֆլորիդայի նահանգի բոլոր պետական հիմնարկությունների դրոշները կխոնարհվեն մինչեւ փետրվարի 19-ը ի հիշատակ Փարքլենդ քաղաքի դպրոցում հրաձգության զոհերի: Այդ մասին փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նահանգապետ Ռիք Սքոթը:

Մամուլի ասուլիսը հեռարձակում էին ԱՄՆ-ի մի քանի հեռուստաալիքներ: Նահանգապետն ընդգծել է, որ նախագահը կարգադրել է խոնարհել դրոշները Marjory Stoneman Douglas դպրոցում հրաձգության զոհերի հիշատակին: Նա հայտնել է, որ հեռախոսով խոսել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենի եւ երկրի իրավակարգի մարմինների ղեկավարների հետ:

Նահանգապետը մտադիր է գիշերն այցելել Փարքլենդում արտակարգ պատահարից տուժածներին: «Տեղի է ունեցել իսկական չարիք: Մեր նահանգը բռնություն չի հանդուրժի»,- հավաստիացրել է Սքոթը:

Ֆլորիդայի գլխավոր դատախազ Պամելա Բոնդին խոստացել է «փոխհատուցել ողբերգության զոհերի հուղարկավորման ծախսերը եւ ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել նրանց ընտանիքներին»: Նա հավելել է, որ անձամբ է վերահսկելու նյութական օգնության բաշխումը զոհերի հարազատներին ու տուժածներին: