ԱՄՆ Սենատում բանաձև է ներկայացվել, որով Վրաստանում բոլոր կուսակցություններին կոչ են անում արագացնել Շառլ Միշելի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության կատարումը
ԱՄՆ Սենատում բանաձև է ներկայացվել, որով Վրաստանում բոլոր կուսակցություններին կոչ են անում արագացնել Շառլ Միշելի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության կատարումը

ԱՄՆ Սենատում բանաձև է ներկայացվել, որով Վրաստանում բոլոր կուսակցություններին կոչ են անում արագացնել ապրիլի 19-ին Շառլ Միշելի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության կատարումը և վերահաստատում է Սենատի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան նկրտումներին:

Կոնգրեսի կայքէջում հրապարակված բանաձևի նախագիծը նախաձեռնել է սենատոր Ռոն Ջոնսոնը: Նրան աջակցում են սենատորներ Ջան Շահինը, Ջեյմս Ռիշը, Քրիս Վան Հոլլենը և Ջոն Բարասոն:

Բանաձևի նախագծում ընթերցում ենք.

1. Մենք կոչ ենք անում «Վրացական երազանքին», «Միացյալ ազգային շարժմանը» և խորհրդարանում ընտրված այլ կուսակցություններին ամբողջությամբ իրականացնել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկած փոխզիջումը:

2. Մենք կոչ ենք անում բոլոր ընտրված խորհրդարանականներին զբաղեցնել իրենց տեղերը խորհրդարանում և առանց հապաղման սկսել աշխատել Վրաստանի առջև ծառացած մարտահրավերների շուրջ, ներառյալ «Կովիդ -19» համաճարակի հետևանքները, թուլացած տնտեսությունը և մարտահրավերներով լի տարածաշրջանային դինամիկան:

3. Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը իրականացնել համակարգային բարեփոխումներ, որոնք մշակված են բոլոր կողմերի հետ ներառական և թափանցիկ խորհրդատվական գործընթացի շրջանակներում՝ ապահովելու անկողմնակալ և անկախ դատական ​​համակարգ, որը չի ծառայի քաղաքական կամ կուսակցական նպատակներին, այդ թվում` Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների միջոցով:

4. Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը հետամուտ լինել ներառական և թափանցիկ մշակված համակարգային ընտրական բարեփոխումներին, որոնք կլուծեն քաղաքական փակուղու պատճառները և կկանխեն նման ճգնաժամի առաջացումը, այդ թվում՝ ԵԱՀԿ և ԺՀՄԻԳ հանձնարարականների լիարժեք ընդունման և իրականացման միջոցով:

5. Մենք ընդունում ենք, որ Վրաստանում քաղաքական իրավիճակը սրվել է Ռուսաստանի Դաշնության ջանքերով, որոնք ուղղված էին Վրաստանում քաոս տարածելուն, այդ թվում՝ ապօրինի գրավված Աբխազիայում և Հարավային Օսեթիայում:

6. Մենք մտահոգված ենք, որ ժողովրդավարական ինստիտուտների և գործընթացների ամրապնդման ճանապարհին առկա խոչընդոտները կխափանեն Վրաստանի առաջխաղացումը եվրատլանտյան նկրտումների իրականացման գործում և տնտեսության ամրապնդման գործում, ինչը կարող է հանգեցնել Վրաստանին օգնության տրամադրման հարցով որոշակի պայմանների:

7. Մենք շեշտում ենք, որ ԱՄՆ-ն աջակցում է ավելի ուժեղ ժողովրդավարությանը Վրաստանում, որտեղ կառավարման ինստիտուտները ցուցադրում են դիմացկունություն, հաշվետվողականություն, հավասարակշռություն և թափանցիկություն, ունակ են դիմակայելու ռուսական և այլ վնասակար ազդեցություններին և կարող են հասնել վրաց ժողովրդի եվրատլանտյան նկրտումներին: