ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կծախսի Եվրոպայում ավիաբազաների արդիականացման վրա
ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կծախսի Եվրոպայում ավիաբազաների արդիականացման վրա

ԱՄՆ-ը ծրագրում է այս ֆինանսական տարում ավելի քան 200 մլն դոլար ծախսել Արևելյան Եվրոպայում գտնվող ամերիկյան ավիաբազաների վերականգնման ու արդիականացման համար։ Ինչպես գրում է Military Times-ը, միջոցները կհատկացվեն «ռուսական ագրեսիան զսպելու» նպատակով։

Հաղորդվում է, որ Արևելյան Եվրոպայում խոսքը Հունգարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Սլովակիայի և Էստոնիայի ամերիկյան ավիաբազաների մասին է։ Դրանցից մի քանիսում տեղակայված են 5-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ F-22 Raptor և F-35 Strike Fighter կործանիչներ, ինչպես նաև հետախուզական միջոցներ, որոնք անհրաժեշտ են Հյուսիսային և Բալթյան ծովերում ռուսական սուզանավերին հետևելու համար։

Բացի այդ, ծրագրվում է վերսկսել իսլանդական Կեֆլավիկում 2006 թվականին փակված ավիաբազայի աշխատանքը։ Այս նպատակների համար Վաշինգտոնը պատրաստ է հատկացնել 14.4 մլն դոլար։ Անգարների վերակառուցումից հետո այստեղ կարող են տեղակայվել P-8 Poseidon ինքնաթիռները, որոնք նախատեսված են սուզանավերի դեմ պայքարի համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է 2018 թվականի ռեկորդային ռազմական ծախսերը, որոնք հասնում են 692 մլրդ դոլարի։