ԱՄՆ-ը Մյանմայի ռազմական խմբավորման 10 գործող և նախկին անդամների հանդեպ սահմանել է պատժամիջոցներ
ԱՄՆ-ը Մյանմայի ռազմական խմբավորման 10 գործող և նախկին անդամների հանդեպ սահմանել է պատժամիջոցներ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել Մյանմայի ռազմական խմբավորման ներկայիս և նախկին 10 ներկայացուցիչների նկատմամբ:

«Մյանմայի կառավարությունը պետք է անհապաղ վերականգնի երկրում ժողովրդավարորեն ընտրված կառավարության իշխանությունը, ազատ արձակի ձերբակալվածներին և ամեն ինչ անի, որ խաղաղ բողոքներին չտրվի բռնարար պատասխան», – ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Մյանմայում ռազմական հեղաշրջումը տեղի ունեցավ փետրվարի մեկին: Գերագույն հրամանատար Մին Աուն Հլայնը ստանձնեց իշխանությունը և երկրում մեկ տարով հայտարարեց արտակարգ դրություն: Զինվորականները համաձայն չեն նոյեմբերի 8-ին երկրում անցկացված ընտրությունների արդյունքների հետ, որոնց ձայների մեծամասնությունը ստացել է Աուն Սան Սու Չիի «Ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցությունը: Զինվորականներն ասում են, որ ընտրությունները կեղծվել են:

Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ասում է, որ ընտրակեղծիքների ապացույցներ չկան: