ԱՄՆ-ը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում հրադադարի մասին․ Մայք Փենս
ԱՄՆ-ը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում հրադադարի մասին․ Մայք Փենս

ԱՄՆ-ը և Թուրքիան համաձայնել են, որ Սիրիայում ռազմական գործողությունը կդադարեցվի: Այս մասին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է մամլո ասուլիսին:

Նրա խոսքով՝ կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են, որ ԱՄՆ-ն կնպաստի քրդական միավորումների դուրսբերմանը:

«Թուրքիան կդադարեցնի կրակը, որպեսզի քրդերի ժողովրդական միավորումներին հնարավորություն տրվի 120 ժամվա ընթացքում դուրս գալ անվտանգության գոտուց: Քրդերի ժողովրդական միավորումների դուրսբերումից հետո բոլոր ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն»,- ասել է Փենսը:

Սահմանազատման գոտին, որտեղից դուրս կբերվեն քրդական կազմավորումները, կանցնի Թուրքիայի հետ Սիրիայի սահմանից 30 կմ դեպի հարավ, այնպես, ինչպես Թուրքիան պահանջում էր «անվտանգ գոտի» ստեղծելու համար:

ԱՄՆ փոխնախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիս-արևելքում, այլ կսահմանափակվի դիվանագիտությամբ:

Հայտնի է, որ ԱՄՆ-ն Սիրիայի պատճառով նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ: Փենսը հավելել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է չեղարկել Անկարայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ Սիրիայում Թուրքիայի կողմից կրակի դադարեցմանը զուգընթաց:

Թողնել մեկնաբանություն