Աֆղանստանում կրակակոծության ժամանակ զոհվել է Ղանդահարի ոստիկանապետը
Աֆղանստանում կրակակոծության ժամանակ զոհվել է Ղանդահարի ոստիկանապետը

Աֆղանստանում, Ղանդահարի գավառում անվտանգության հարցերի շուրջ ընթացող հանդիպմանը կրակակոծության ժամանակ զոհվել է Ղանդահարի ոստիկանապետը: տարածված լրատվությամբ կրակը բացել են Ղանդահարի գավառապետի անվտանգության ծառայության անդամների մի մասը:

Միջադեպի արդյունքում տուժել է գավառապետը և հանդիպմանը ներկա գտնվող մի քանի մարդ: Դրանց թվում երկու ամերիկացի զինվորական: Հարձակումից փրկվել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավար, գեներալ Սկոտ Միլերը: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մամլո խոսնակ Կնուտ Պիթերսի հայտարարությամբ, հարձակվողը սպանված է, սակայն այլ մանրամասներ նա չի բարձրաձայնել:

Նշենք, որ մի քանի ժամ առաջ, Բագրամ ռազմակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժել է հինգ չեխ զինվորական: Երկրի պաշտպանության նախարարության լրատվությամբ, հարձակումը տեղի է ունեցել պարեկության ժամանակ: Ավտոմեքենայում մոնտաժված պայթուցիկ սարքը գործի է դրվել այն ժամանակ, երբ նրան մոտեցել է զինվորական ավտոմեքենան: Պայթյունի արդյունքում զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան շրջվել է: Հարձակումից տուժած չորս զինվորական ստացել է մանր վնասվածքներ, իսկ մեկի վիճակը ծանր է, նա գտնվում է Բագրամի ռազմակայանի հոսպիտալում:

Reuters գործակալության փոխանցմամբ, պայթյունի հետևանքով զոհվել է երկու տեղացի: