Ադրբեջանում երկրաշարժից հետո բժշկական հաստատություններին դիմել է 31 մարդ
Ադրբեջանում երկրաշարժից հետո բժշկական հաստատություններին դիմել է 31 մարդ

Երկրաշարժի հետևանքով, Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում վնասվել են բնակելի տներ և տարբեր օբյեկտներ: Լրատվությունն այս մասին տարածել է ադրբեջանական Trend.az գործակալությունը: Ինչպես հայտարարել է Զաքաթալայի շրջանի արտակարգ իրավիճակների շրջանային հանձնաժողովի նախագահ Տոֆիգ Ախմեդովը, այս պահին ընթանում է հասցված վնասի հաշվառումը:

Նրա խոսքերով, արտակարգ իրավիճակների շրջանային հանձնաժողովը աշխատում է ուժեղացված ռեժիմով: Այս պահին հանձնաժողովը պարզում է վնասված շինությունների վթարային մակարդակը:

Բացի այդ, Day.az գործակալությունը գրում է, որ երկրաշարժից հետո, բժշկական հաստատություններին դիմել է 31 մարդ: Իսկ 63 ամյա տղամարդը մահացել է սրտի կաթվածից:

5,6 (ML) ուժգնությամբ երկրաշարժը Ադրբեջանում տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 22:40-ին, Վրաստանի պետական սահմանից 28 կիլոմետրի վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Թբիլիսիում: