11 միլիոնանոց ՈՒհան քաղաքը կարանտինի ժամանակ. Դրոնով նկարահանած կադրերը
11 միլիոնանոց ՈՒհան քաղաքը կարանտինի ժամանակ. Դրոնով նկարահանած կադրերը

Նոր կորոնավարակի համաճարակի պատճառով, Չինաստանի Ուհան քաղաքի բնակչությունը արդեն երկրորդ շաբաթն է գտնվում է մեկուսացման մեջ: ABC News-ը հրապարակում է դրոնով նկարահանած տեսանյութը, որում երևում է, թե ինչ տեսք ունի դատարկ քաղաքը:

Հունվարի 23-ին, Չինաստանի իշխանությունները Ուհանում նոր կորոնավարակի տարածումն կանխելու նպատակով, հայտարարել են կարանտին: Դադարեցվել է բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի և գնացքների երթևեկությունը, արգելվել է նաև օդային տեղաշարժը: Դա մարդկության պատմության մեջ ամենամեծ կարանտինն է:

Ըստ գիտնականների, 2019-nCov անվանմամբ վարակը մարդկանց մոտ տարածվել է կենդանիներից, ՈՒհանում գտնվող ծովամթերքների շուկայում: Վերջին տվյալներով, այս պահին վարակված է ավելի քան 24 000 մարդ: Վարակից մահացել է 493 մարդ: 915 վարակված մարդ արդեն ապաքինվել է:

Հունվարի 27-ին քաղաքի իշխանությունները արգելել են նաև Ուհանի գործարար մասում ավտոմեքենաների տեղաշարժը: Տեղաշարժվել կարող են միայն հատուկ թույլտվություն ունեցող ավտոմեքենաները:

Կարելի է ասել, որ կարանտին 11 միլիոնանոց քաղաքը վերածել է ուրվականների քաղաքի:

Ուհանի կարանտինից անմիջապես հետո, իշխանությունները մեկուսացրել են նաև ՈՒհանի մոտակայքում գտնվող 15 քաղաքներ: Արդյունքում, աշխարհից մեկուսացված է մոտ 45 միլիոն մարդ:

Հաղորդվում է, որ Ուհանի բնակիչները հիմնականում մնում են տանը և հազվադեպ են դուրս գալիս, սնունդ և դիմակներ գնելու համար: Սուպերմարկետների աշխատակիցները կրում են պաշտպանիչ հագուստ:

Ռոյտերի փոխանցմամբ, Չինաստանի իշխանությունները ֆերմերներին պարտադրել են մեծացնել բանջարեղենի արտադրման ծավալը և դրանք քաղաք հասցնելու համար բեռնատարների համար բացել են ՈՒհան տանող ճանապարհները: Կառավարությունը խիստ պատժամիջոցներ է կիրառել նաև այն խանութների նկատմամբ, որոնք այս ժամանակահատվածում արհեստականորեն բարձրացնում են սննդի և դիմակների գները:

Քաղաքում շատ արագ կառուցել են հիվանդանոց, որտեղ բուժվում են կորոնավարակով վարակված մարդիկ, քանզի այլ հիվանդանոցներում տեղ չկա: Ժամանակավորապես հիվանդանոց են դարձրել նաև ՈՒհանում գտնվող մարզադաշտերը և այլ շինություններ: