Ֆրանսիայի թագավորների հայտնի ադամանդը կվաճառվի աճուրդում
Ֆրանսիայի թագավորների հայտնի ադամանդը կվաճառվի աճուրդում

Աշխարհի ամենահայտնի ադամանդներից մեկը, որը պատկանել է ֆրանսիացի միապետների մի քանի սերունդի, կվաճառվի Ժնևում անցկացվող աճուրդում: Christie՛s աճուրդի տունը չի հայտնում ներկայիս տիրոջ անունը՝ նա մասնավոր անձ է: Christie՛s-ի փորձագետները թանկաժեք քարը, որը կոչվում է Le Grand Mazarin, գնահատել են 6-ից մինչև 9 մլն դոլար, հայտնում է «Գերմանական ալիքը»:

Այս ադամանդը եզակիորեն մաքուր է, վարդագույն երանգով, կշռում է 19 կարատ: Այն հայտնի է XVII դարից և գտնվել է Հնդկաստանի Հոլկոնդի հանքերում:

Ֆրանսիական հեղափոխությունը սկսվելուց հետո թագավորական թանկարժեք զարդերը (դրանց հետ միասին նաև Le Grand Mazarin-ը) թաքցրել են Փարիզում: Սակայն վատ են թաքցրել՝ գանձը հայտնաբերել են և կողոպտել: Մինչ օրս այդպես էլ չի հաջողվել գտնել մի քանի թանկարժեք քարեր:

Բայց «Մեծ Մազարինին» գտնվել է, և  քարը զարդարել է Նապոլեոն կայսեր երկրորդ կնոջ՝ Մարիա Լուիզա Ավստրիացու համար պատրաստված թագը: 1887 թվականին, երբ Ֆրանսիան Պրուսիայի դեմ պատերազմում պարտություն կրելով ռազմատուգանք էր վճարում և  քաղաքական ու տնտեսական ճգնաժամ էր ապրում, փողի առանձնապես սուր կարիք ուներ, և թագավորական թանկարժեք իրերի մի մասը աճուրդում է վաճառվել: Le Grand Mazarin-ն ձեռք է բերել ֆրանսիացի ոսկերիչ Ֆրեդերիկ Բուշերոնը:

Հազվագյուտ ադամանդի հետագա ճակատագիրը հստակ հայտնի չէ, սակայն 1962 թվականին այն ցուցադրվել է Լուվրի ցուցահանդեսում, որի ցուցադրանմուշների թվում էին ամենահայտնի ֆրանսիական թանկարժեք իրերը, որից հետո դարձյալ անհետացել է լայն հանրության ուշադրության տեսադաշտից: Հիմա «գեղեցկության հավերժական խորհրդանիշը» և «եվրոպական պատմության վկան», ինչպես Christie՛s-ն այն անանել է իր ժնևյան ամենամյա աճուրդի կատալոգում, կրկին վաճառքի է դրված: