Պենտագոնը սխալմամբ Twitter-ում տարածել է Թրամփի հրաժարականի կոչը
Պենտագոնը սխալմամբ Twitter-ում տարածել է Թրամփի հրաժարականի կոչը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հինգշաբթի Twitter-ի իր էջում տարածել է նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարականի կոչը, այնուհետև հայտարարել է, որ դա տեղի է ունեցել սխալմամբ:

Պենտագոնի էջում հայտնվել է @proudresister օգտատիրոջ հաղորդագրության ռեթվիթը, որը կոչ էր անում Թրամփին, ինչպես նաև դեմոկրատ սենատոր Էլ Ֆրանկենին և սեռական ոտնձգությունների համար մեղադրվող Ալաբամայից սենատորի թեկնածու Ռոյ Մուրին հրաժական տալ:

«Լուծումը պարզ է՝ Ռոյ Մուր, հեռացիր նախընտրական արշավից, Էլ Ֆրանկեն, հեռացիր կոնգրեսից, Դոնալդ Թրամփ, հեռացիր նախագահական պաշտոնից: Հանրապետական կուսակցություն, դադարեք սեռական ոտնձգության հարցը ներկայացնել կուսակցական հարց: Դա, ինչպես և ձեր կեղծավորությունը, հանցագործություն է»,- ասված է թվիթում, որը տարածել էր Պենտագոնը: