Լաս Վեգասում մարդկանց վրա կրակ բացած և 59 մարդու սպանած անձը մուլտիմիլիոնատեր էր. հրաձիգի եղբայր
Լաս Վեգասում մարդկանց վրա կրակ բացած և 59 մարդու սպանած անձը մուլտիմիլիոնատեր էր. հրաձիգի եղբայր

Լաս Վեգասում քանթրի ոճի երաժշտության փառատոնի այցելուների ուղղությամբ կրակ բացած անձը մուլտիմիլիոնատեր էր: Նա Mandalay Bay հյուրանոցի իր համար էր տարել 23 հրացանից բաղկացած հսկայական զինանոց՝ իր հյուրանոցային համարը դարձնելով դիպուկահարի «որջ», գրում է The Daily Mail-ը:

64-ամյա Ստեֆեն Փեդոքի եղբայրը պատմել է, որ նա միլիոններ էր աշխատել անշարժ գույքի գործարքներից: Նա նաև երկու ինքնաթիռ ուներ և մի քանի սեփականություն ԱՄՆ-ում։ Ըստ հրաձիգի եղբոր՝ նա նորմալ մարդ էր թվում՝ խաղամոլությունից զատ:

Այնուամենայնիվ, նա գաղտնի կերպով հավաքել էր 42 միավոր հրազենից բաղկացած հսկայական զինանոց: Այդ հրացաններից 23-ը մի քանի օրվա ընթացքում տեղափոխել է հյուրանոցային համար և դեպի Route 91 Harvest քանթրի ոճի երաժշտության փառատոնի անցկացման վայր նայող պատուհաններին եռոտանիների վրա երկու հրացան տեղադրել: Նրա համարում հայտնաբերվել են նաև հազարավոր փամփուշտներ, ինչը թույլ է տվել նրան անընդմեջ կրակել 72 րոպե շարունակ:

Փեդոքն, այնուամենայնիվ, ապրել է հանգիստ և ոչնչով չտարբերվող կյանքով, նրա գործողությունների պատճառը հանելուկ է մնում:

Թոշակի անցած հաշվապահը մենեջեր և ներդրող է եղել Նևադայի Մեսքիթ քաղաքում, Տեխասում և Քալիֆորնիայում գտնվող բնակարանային համալիրներում, ինչի շնորհիվ միլիոններ է վաստակել:

Իրավապահ պաշտոնյաների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում նա տասնյակ հազարավոր դոլարների մի շարք գործարքներ է իրականացնել Լաս Վեգասում: Որոշ օրերի նա ծախսել է ավելի քան 30 հազար դոլար, որոշ օրերի՝ ավելի քան 20 հազար դոլար:

Փեդոքն ապրում էր Մեսքիթում իր 62-ամյա ընկերուհու՝ Մարիլու Դենլիի հետ: Ոստիկանությունը պարզել է, որ նա երկրից դուրս է գտնվում, և Փեդոքն օգտագործել է նրա ID-ն հյուրանոցում համարի ամրագրման համար: Ոստիկանությունը պատրաստվում է հարցաքննել նրան ԱՄՆ վերադառնալուն պես:

Հայտնի է, որ տղամարդը կրակել է բացօթյա երաժշտական փառատոնի հանդիսատեսի վրա Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկից՝ սպանելով 59 մարդու և վիրավորելով 527 մարդու: Դա ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ ամենաշատ զոհի պատճառ դարձած զանգվածային սպանությունն է: Ոստիկանությունը դեռ չի պարզել հարձակման շարժառիթը: