Իրանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 400-ը
Իրանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 400-ը

Իրանի արևմուտքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 407-ի, և տուժել է մոտ 6.700 մարդ: Այս մասին հայտնում է IRIB հեռուստաալիքը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ հզոր երկրաշարժից հետո արձանագրվել է 152 աֆտերշոկ:

Հիշեցնենք, որ 7.3 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով 21:18-ին Իրանի և Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կիլոմետր հարավ ընկած հատվածում: Ամենաշատ զոհերը գրանցվել են Իրանի Քերմանշահ շրջանի Սարփոլե Զահաբ քաղաքում:

Հաղորդվում է, որ մոտ 70 հազար մարդ մնացել է անտուն: Նրանց համար կազմակերպվում են վրանային ճամբարներ: Երկրի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրել:

Քերմանշահում հայտարարվել է եռօրյա սուգ:

Նշենք, որ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում, Քուվեյթում, Հորդանանում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում և Բահրեյնում: