Բանտի փոխարեն՝ Ritz-Carlton-ի 5 աստղանի հյուրանոց - Սաուդցի արքայազնների կալանավայրը
Բանտի փոխարեն՝ Ritz-Carlton-ի 5 աստղանի հյուրանոց - Սաուդցի արքայազնների կալանավայրը

Երեկոյան ժամը 11-ին Էր Ռիադի Ritz-Carlton հյուրանոցի հյուրերին խնդրել են իրենց բոլոր իրերով դուրս գալ համարներից և հավաքվել նախասրահում։ Ոչ ոք չի իմացել նման տարօրինակ խնդրանքի պատճառը։ Արդյունքում նրանց նստեցրել են ավտոբուսները և ուղարկել սաուդյան մայրաքաղաքի այլ հյուրանոցներ, քանի որ 5 աստղանի հյուրանոցը բանտ է դարձել կոռուպցիայի համար ձերբակալված արքայազնների ու պաշտոնյաների համար։

Նոյեմբերի 5-ին կոռուպցիոն կասկածանքով ձերբակալվել են թագավորական ընտանիքի մոտ 30 անդամներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, որից հետո նրանք տեղավորվել են հյուրանոցում։ Նույնիսկ հանցավոր գործողությունների հետ կապված մեղադրանքներից հետո էլիտան պահպանում է իր հզորությունը, նշում է The Guardian-ը։

Ձերբակալություններն իրականացվել են թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզի հրամանով։ Այդ հարցում նրան օգնել է գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը, ով գլխավորել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Սակայն նույնիսկ նման զորեղ մարդուն հարկավոր է ապահովագրություն՝ չփչացնելու հարաբերությունները մյուս ազդեցիկ ընտանիքների հետ։ Այդ իսկ պատճառով հենց Ritz-Carlton-նն էլ դարձել է ժամանակավոր բանտ։