ՆԱՏՕ-ի ներողությունը բավարար չէ. Էրդողան
ՆԱՏՕ-ի ներողությունը բավարար չէ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ բավարար է համարում Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկե Բակկե-Ենսենի ներողությունը՝ կապված սկանդալի հետ, որը ծագել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ։

«Երեկ դուք տեսաք անհարգալից վերաբերմունք ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ։ Կան սխալներ, որոնք արվում են ոչ հիմար, բայց անպարկեշտ մարդկանց կողմից»,- շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը նշել է, որ այդպիսի թեման «չի կարող փակվել սովորական ներողությամբ»:

Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտնել էր զորավարժություններից թուրք զինվորականների հետկանչի մասին։

Ուրբաթ Նորվեգիայի պաշտպանության նախարարը ներողություն էր խնդրել Թուրքիայից և նշել էր, որ ցավում է Անկարայի համար վիրավորական դեպքի համար: Ներողություն է խնդրել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Հիշեցնենք, որ զորավարժությունների ժամանակ Նորվեգիայում սկանդալային դեպք էր տեղի ունեցել։ Դաշինքի ներկայացուցիչները տեղադրել էին «պայմանական հակառակորդի» լուսանկարներով ստենդ, որի վրա պատկերված են եղել Աթաթյուրքն ու ներկայիս թուրք առաջնորդ Թայիփ Էրդողանը։

Թողնել մեկնաբանություն